ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«Կինը պետք է սիրված լինի, ներդաշնակ ապրի ու հաշտ լինի ինքն իր հետ»

«Կինը պետք է սիրված լինի, ներդաշնակ ապրի ու հաշտ լինի ինքն իր հետ»
06.03.2009 | 00:00

ՄԱՐՏԻՈՒԹՅԱՆ
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ ՀՅԴ ֆրակցիայի ներկայացուցիչ, Համազգային հայ կրթական և մշակութային միության հայաստանյան կառույցի նախագահ ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ
-Լիլիթ, դու և Համազգայինն ինձ երկու մեծ տոն եք պարգևել. մեկը` Իզաբել Բայրաքդարյանի առաջին հրավերը Հայաստան, մյուսը` Կոելյոյի այցը:
-Ամեն անգամ ինքս էլ զարմանում եմ Համազգայինի հիմնադիրների մտքի հեռահասության վրա. հիշենք` այն հիմնադրվեց հետեղեռնյան շրջանում` այդ ծանր հատվածում հայ ինքնությունը պահելու առաքելությամբ: Համազգայինն իր անփոփոխ բանաձևով կարողացավ, ինչպես Դուք ասացիք, մշտապես ինքնության տոն պարգևել հային: Այո, Իզաբելն աշխարհում ճանաչված «իկոններից» է` մեր ինքնության լավագույն սահմանը. Կանադայի «Մետրոպոլիտեն» օպերայի մենակատար, Էլիզաբեթ թագուհու մրցանակակիր, իսկ այդ մրցանակը երաժշտական աշխարհի բարձրակետն է:
Կոելյոն էլ մեր ինքնության հակառակ «պատկերն» էր. փորձել էինք մեր փակ, կոնսերվացված հայաստանյան ապրումին մշակութային երկխոսության տոն պարգևել:
-«Տոնը» հաջողվեց, սակայն, գիտե՞ս, թե Կոելյոյի, թե Գուերայի պարագայում ինձ ապշեցրեց այն, որ աշխարհի օտարազգի այս մեծերը մեզնից շա՜տ, մեզնից զորեղ ընկալեցին մեր հոգին. էն ո՜նց էր Կոելյոն Էջմիածնում Պատարագը լսում, նրա աչքերի մեջ լցված ապրումը, հաղորդակցման էդ ձևը... կամ Գուերան, որ ասում է` հայ նախնիներն այնքան խոնարհ են, որ ոտներիդ տակ են նրանց գերեզմանները, և նրանց վրայով քայլում, նրանց զգում ու ներս ես մտնում հայոց տաճար:
-Գիտե՞ս, երբ հրավիրում էինք Կոելյոյին, համոզված էինք, որ հայաստանյան այցը նրա մեջ անպայմանորեն հետագիծ է թողնելու, իսկ Կոելյոյի «լեզու»` նշանակում էր խոսք` աշխարհին: Տեղյակ ես, Կոելյոն աշխարհի ամենատպագրված հեղինակն է: Վերջերս ձեռքս ընկավ նրա էսսեներից մեկը, ուր պատմում էր հայաստանյան այցի մասին, մենք անչափ մեծ ճիգ էինք գործադրել հնարավորինս շատ բան ցույց տալու նրան՝ որպես հոգևոր Հայաստան. էսսեում նա գրել էր` հայ ժողովուրդն արժանի է գերագույն հարգանքի. դա մի ժողովուրդ է, որն իր թարգմանիչներին սրբացրել է: Հասկանալի է, Կոելյոյին զարմացնելը շատ դժվար բան է. նրանք չափման այլ միավորների մեջ են ապրում, կարդալով այդ գնահատականը, ես, բոլոր դեպքերում, անակնկալի եկա, որ հայաստանյան այցի ընթացքում նա որսացել էր հայոց ամենանուրբ նյարդը` Թարգմանչաց տոնը, Օշականը, Մաշտոցին, ու իր հետ տարել:
-Դա կոչվում է հոգիների «մեծ գաղթ»` հաղորդակցություն, ինչին հայն ինքն այսօր դժվար է տրվում, տեսնես ինչո՞ւ:
-Այո, մեր վիճակն այսօր մի տեսակ շատ փսորված է, գետնատարած: Մենք անցանք հեղափոխության միջով. նկատի ունեմ երրորդ հանրապետության ծնունդը, իսկ հեղափոխություններից հետո միշտ գալիս է արժեքների անկման և նոր արժեքների ձևավորման երկարատև, եթե չասեմ` տանջալից փուլը: Խելոք ազգերը միգուցե արագ են անցնում այդ ուղին, բայց, միևնույն է, ունենում են «ավելորդ» մարդկանց մի ստվար խումբ, որն էլ հանգեցնում է հոգեկան, տնտեսական ճգնաժամերի: Իսկ տնտեսական ճգնաժամերը հաղթահարվում են, եթե կա բավարար-անհրաժեշտ բարոյական հենք: Իսկ երբ չկա, ոչ միայն բուն օրենքները չեն աշխատում, այլև մարդկային բարոյականության, ոգու չգրված նորմերն են «լռում»: Ամեն գիշեր ես այդ տագնապով եմ քնում և, այնուամենայնիվ, քանի որ հուսահատվող տեսակ չեմ, լավ օրերի հույսով եմ զարթնում:
-Ինչո՞ւ, որովհետև դաշնակցակա՞ն ես, Լիլիթ:
-Չէ, տեսակս է այդպիսին. էդ տեսակն է, որ դարձել է դաշնակցական. ես հավատում եմ անհատին ու նրա նվիրումին: Գիտե՞ս, պետք չէ մեծ խնդիրներ դնել։ Եթե ամեն մեկս մեր նվիրումին տեր լինենք. ես` լավ պատգամավոր, դու` լավ գրչի մարդ, երրորդը` լավ ուսուցիչ կամ լավ հնձվոր, էդ հավաքական փոքրիկ նվիրումները հանրագումար կդառնան, ազգային ընդհանրություն, դիմակայություն կկազմեն:
-Տիեզերքը շատ վաղուց հայտնագործել է այդ օրենքը, դու ևս հաստատ լավ գիտես, որ վիճակը հաղթահարելու համար կա մեկ ունիվերսալ բանալի. մենք մեր բջջում կրում ենք Նարեկացուն, Մաշտոցին... մեր ծնունդով նրանց մեզ հետ բերում. ասել է` եթե նրանք արդեն ունեն հաղթանակ, մենք պետք է պարզապես կարողանանք օգտվել այդ հաղթանակից, բայց արի ու տես` չկա այդ գիտակցումը, այդ մշակույթը չկա մեր բջջում, դրա համար էլ այսպես անվերջ փսորվում ենք:
-Գիտե՞ս, ամեն ինչին պետք է ժամանակի մեջ նայել, երբ մեր «պաշտոնական» զրույցը դեռ չէր սկսվել, դու ասացիր` 21-րդ դարը վիբրացիոն արագությունների դար է, այդ արագությունների ժամանակ, մրցակցային (ի դեպ, ահավոր չեմ սիրում այս բառը, բայց և` մրցակցային, մեր այս կյանքում, ցավոք, մանրամասների ժամանակ չի մնում, մեծ էգոն, մանավանդ երբ պետականության գենն էլ թույլ է, գալիս, զբաղեցնում է ամենքի ու ամեն ինչի տեղը:
-Գիտե՞ս, Լիլիթ, «օրենքով» ես եկել էի քեզ հետ զրուցելու Մարտի 8-ի, «գենդերային» խնդիրների մասին, բայց արի ու տես, որ 21-րդ վիբրացիոն դարում երկու կին նստած` խոսում են պետականությունից, տիեզերքից, եսիմ ինչից: Վերադառնանք մեր «շրջանին». այսպիսով, Լիլիթ, այստեղ` ԱԺ-ում, դու քաղաքական գործիչ ես, ՀՅԴ-ում` դաշնակցական, Համազգայինում` ինքնության պահապան, բայց երբ ինքդ քեզ հետ մենակ ես մնում, շապիկդ օձի պես վար նետում, մտնում ես քո թագավորության տարածքները, լքո՞ւմ ես մյուս կերպերդ:
-Ես սովորաբար ապրելու մի բանաձև ունեմ, երբեք ինձ չեմ դավաճանում` լինեմ Ազգային ժողովում, տանը, Համազգայինում. ես ըստ սիտուացիաների չեմ ապրում, ես չեմ փոխվում, ապրում եմ, ինչպես եմ:
-Չէ, ես նկատի ունեմ փոփոխությունը՝ որպես հոգևոր հասունացման բանալի:
-Գիտե՞ս, ասեմ անկեղծ` միգուցե հոգիս մի քիչ կոպտացել է, ոչ թե իմաստնանալու, այլ շատ բան գիտակցելու առումով, բայց երբ մասնակից ես քաղաքական իրական շերտերին, այլ կերպ հնարավոր էլ չէ: Եվ այդ ժամանակ ոչ թե իմ տեսակը, այլ վերաբերմունքն է փոխվում:
-Ամռանը դու ինձ նվիրեցիր համաշխարհային ճանաչում ունեցող անգլախոս գրողների քո` իսկապես շատ լավ թարգմանությունները. դրանց ընթերցումից ես մեծ բավականություն ստացա: Փաստորեն, որպես կին, բավականին «բազմափեշակ» ես. թարգմանում ես Հեմի «Մեք Մաքոմբերի կարճատև երջանկությունը», հետո գրիչդ վայր դնում, գալիս ես ԱԺ` քվեարկելու, լավագույն դեպքում, ակցիզի կամ սեփական ընկերներին դատախազին տալու «օրինագծերին» դեմ կամ կողմ, հա՞: Ո՞նց ես տեղավորվում այս ամենի «արանքում»:
-Երբ մենք վերևում խոսում էինք Համազգայինից, ես չհասցրի ասել, որ շուտով մենք կտպագրենք Օրհան Փամուքի «Ձյունը» գիրքը, և երբ այս օրերին ես կարդում էի Փամուքի Նոբելյան մրցանակի ճառը, ի դեպ, այն ահավոր լավն էր:
-Նոբելյան մրցանակների ճառերն իսկապես շատ լավն են. առիթ է եղել կարդալու, և այնպիսի՜ էներգետիկայի հետ եմ գործ ունեցել. ինչի՞ հետևանք է դա:
-Իրենց փիլիսոփայության խտացման. ամեն մեկինն` իր իմաստնության բանաձևն է, ինչը չի կարող առավել ազդեցիկ չլինել: Եվ, ուրեմն, Փամուքն ասում է` գրողին գրող է սարքում իր մեջ ապրող անբավարարվածության զգացումը` ստեղծագործողի կատարելության ձգտումը: Թարգմանության մեջ ես բառի գերին եմ. «ի սկզբանե էր բանը» չափաբանությունն այնպես անվրեպ է աշխատում, երբ ես սկսում եմ թարգմանել:
-Բայց, Լիլիթ, մյուս կողմից էլ գիրը սպանում է, հոգին՝ կառուցում, էդտե՞ղ ոնց ես տեղավորվում:
-Պիտի կարողանալ գրի և հոգու հետ ներդաշնակ լինել. սա է բացարձակի բանաձևը, համենայն դեպս, փորձում եմ այդպես անել:
-Շատ հետաքրքիր է, երբ թարգմանում ես, նույնականացում զգո՞ւմ ես, ասենք, նույն Հեմի, Սելինջերի, Սարոյանի հետ. կա՞ այդ «մնացորդային» երևույթը թարգմանության ժամանակ:
-Չէ, չէի ասի: Բայց եթե անկեղծ` աշխարհում ես ոչ մի հաճույք չէի փոխի գտած նախադասության հետ: Մոտեցրու ականջդ, ասեմ. երբեմն լինում է այնպես, որ պատմվածքներ եմ թարգմանում, մեկ էլ, ու տեսնում եմ, որ թարգմանությունս ավելի լավն է ստացվել, քան ինքը՝ պատմվածքը: Մեծբերանություն չասես, բայց ունենում եմ նման զգացողություն: Պուշկինն ասում է` թարգմանիչները քաղաքակրթության փոստատար ձիերն են. գտած հայերեն նախադասություններն այդպիսի անփոխարինելի ձիեր են դառնում ինձ համար:
-Ամռանը դու Բոստոն, Վաշինգտոն, Նյու Յորքում էիր, վերադարձել էիր, ու ես քեզ գտա շատ հետաքրքիր վիճակում. դու ապրում էիր քո թարգմանած «թաղամասերն ու փողոցները», եթե կարելի է նման բառարտահայտություն օգտագործել:
-Հա՜, այդ ժամանակ եղել էի նաև Սան Ֆրանցիսկոյում, Գերթրութ Օթերթոնի (դարասկզբի ամերիկացի լավագույն գրող- հեղ.) Գոլդեն Գեյթ կամրջի վրա, այնտեղից իրեն դեպ Ծոց նետող կնոջ պատմությունը ևս մեկ անգամ վերապրել. հիշո՞ւմ ես` դիմացի ափին էլ «ապրում» էին Հեմինգուեյի հերոսները, հնդկացիների գյուղը։ Ես այնպիսի զգացում ունեի, թե այդ տեղերում արդեն եղել եմ, ու երբ բարձրացա Սան Ֆրանցիսկոյի ամենաբարձր բլուրը, տեսա լույսերը, Ծոցը, բլուրը, այնպիսի մի անպատմելի, տարաշխարհիկ վիճակի մեջ էի հայտնվել, որ հիմա նույնիսկ ինձ համար մի տեսակ տարօրինակ է պատմելը:
-Հավատո՞ւմ ես նախորդ կյանքերին:
-Այո, ես նախորդ կյանքում դելֆին եմ եղել:
-Նմա՜ն ես, իսկ ես եղել եմ լամա` Տիբեթում:
-Լամա՞... կարող էիր: Կարող էիր: Գիտե՞ս, քանի որ ես ինձ դելֆին եմ զգում, մարդկանց հետ երբեմն հենց էդպես եմ վարվում: Բայց ես ուզում եմ ուրիշ բան ասել. այն է` ստեղծագործական ճիգը, ըստ Փամուքի` ստեղծագործական անբավարարվածությունն ինձ օգնում է լինել նաև քաղաքացի, ուզում եմ ասել, որ ես ինձ նույնքան էլ քաղաքացի եմ զգում:
-Դելֆին, մարդ, քաղաքացի, թարգմանիչ` դելֆի՛ն. ու ամբողջ այս ընթացքում իմ մեջ ծնվում ու մեռնում է հարցը. Լիլիթ, դու ո՞նց ես ձեռքդ դրել ատրճանակին ու երդվել:
-Երդվել եմ, որովհետև հավատացել եմ այդ արժեքներին, անկեղծ եմ ասում:
-Չէ, վայ թե դու Յանուս ես, Լիլիթ` երկու դեմքով:
-Բացարձակապես, բացարձակապես այդպես չէ. որքան տարի որ անցել է, որքան ես պատգամավոր եմ և զբաղվում եմ քաղաքական գործունեությամբ, ես ոչինչ չեմ արել, որի համար ամաչեի: Ես ինձ հավատարիմ եմ մնացել: Դու խնդիր ես դնում` ստեղծագործող աշխարհի և քաղաքականությա՞ն:
-Դրանք չհամադրվող բաներ են. մարդ երկու տիրոջ չի կարող ծառայել:
-Երկու տերն էլ ազգս են:
-Հասկանալի է, բայց ես ուզում էի հասկանալ, դու երկու դեպքում էլ քեզ հետ նույնքան հա՞շտ ես, թե՞ քաղաքական գործունեությամբ ես զբաղվում, որովհետև «պետք» է, ու քո շուրթերն ամեն անգամ Լիլիթ են կանչում, երբ դու` Եվայով, քաղաքականությամբ ես զբաղված: Բա դելֆինդ մեղք չի՞:
-Ի՞նչ է, քաղաքականության մեջ նավարկել չկա՞:
-Չկա, քաղաքականությունն աշխարհում երկրորդն է` հայտնի առաջինից հետո:
-Ա՞յն հայտնի առաջինից հետո:
-Ա՛յն հայտնի:
-Ես համամիտ չեմ: Ամենաարդյունավետ քաղաքականությունը բարոյական քաղաքականությունն է:
-Քաղաքականությունը չի՜ լինում բարոյական, Լիլիթ:
-Դու ինձ չես համոզի, ես կայուն մարդ եմ և ունեմ իմ համոզմունքներն այդ առնչությամբ:
-Սիրելի՜ Լիլիթ, հիմա ես քեզ «կտանեմ» քաղաքական դաշտ ու էնտեղ` դաշնակցական բոլոր անցած-դարձած «առնչությունները» «կբացապարզեմ-կներկայացնեմ»` մի քանի վայրկյանում ու կհամոզեմ ճիշտ հակառակը. ինչ-ինչ, հո գիտե՞ս, էդ հարցում «պարապած մագիստրոս» եմ: Մի՜ արա էդ բանը, Լիլի՛թ:
-Չեմ կասկածում, որ «մագիստրոս» ես, բայց մի՞թե քեզ հաճելի չէ, որ խորհրդարանում թարգմանիչ կա, Կոելյոյից հասկացող, համազգային տոն պարգևող... ինքդ էիր ասում:
-Խորհրդարանում գրեթե ոչինչ ինձ հաճելի չէ:
-Նույնիսկ եթե «այսքան համակրելի կի՞ն կա այնտեղ»:
-Երբ ասացիր` դելֆին, ես սկսեցի քեզ ավելի շատ սիրել: Հիշո՞ւմ ես պատմությունը, երբ չինացին ձի է գնում, ու ճերմակաբաշ, երիտասարդ ձիերի մեջ ընտրում է ատամնաթափ ձիու, ասելով` սա խորքի ու երկինքների զգացողության ձի է. ես էդ եմ գնահատում կնոջ մեջ: Դո՞ւ ինչ ես գնահատում:
-Տաղանդը, շնորհը՝ որպես Աստծո պարգև:
-Մեծ սեր ունեցե՞լ ես:
-ՈՒնեցել եմ կամ միգուցե` ունեմ: Բայց բանաձևը բոլոր ժամանակների համար նույնն է` կինը պետք է սիրված լինի, ներդաշնակ ապրի ու հաշտ լինի ինքն իր հետ:
-Արի փակենք զրույցն էստեղ` կնոջ մեծ սիրո պատմությամբ:
-Արի՛:
Զրույցը՝ Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 4549

Մեկնաբանություններ